Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել Իրանի ներքին անվտանգության ծառայության շտաբ-բնակարանին։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հենց նոր «ոչնչացրել են իրանական ռեժիմի ներքին անվտանգության ծառայության շտաբը, որը համարվում է իրանական բռնապետի ռեպրեսիաների գլխավոր գործիքը»։
«Ինչպես խոստացել էինք, մենք շարունակելու ենք հարվածներ հասցնել Իրանի իշխանության խորհրդանիշներին և այաթոլաների ռեժիմին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք», - ասել է Կացը:
Թեհրանը դեռ չի մեկնաբանել այս լուրը:
Թեհրանի արևելյան տարբեր շրջաններ կրկին Իսրայելի հարձակումների թիրախում են հայտնվել, հայտնում է «Ազատության» իրանական ծառայությունը: Հարձակման ենթարկված վայրերի վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական թիրախներին։
Իրանի միջուկային օբյեկտները՝ քարտեզով
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու ԱՄԷ նախագահները, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը կրկին ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում։ Ըստ հաղորդագրության՝ առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը։