Մատչելիության հղումներ

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանում ևս երկու միջուկային օբյեկտ է տուժել, հայտարարել են ԱԷՄԳ ներկայացուցիչները։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանում հարվածել են ցենտրիֆուգների արտադրության կայանին և զենքի գործարաններին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն և անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի, հայտարարել է Իրանի նախագահը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է՝ Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին՝ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին:

10:43 15.6.2025

Թեհրանի նավթային գործարանը՝կրակի մեջ

Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վերջին հարվածների ժամանակ տուժել է նաև Թեհրանում գտնվող Շահրանի նավթամբարը։ Նախարարության պաշտոնյան The New York Times-ին ասել է, որ պահեստում գտնվող 11 ռեզերվուարները պայթել են մեկը մյուսի հետևից։ Պահեստի անմիջական հարևանությամբ ապրող իրանցիներից մեկի խոսքով, պայթյունների ուժգնությունը երկրաշարժի տպավորություն է թողել, տեղում լայնածավալ կրակ է բռնկվել։ Պաշտոնյաները հավաստիացնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։


10:58 15.6.2025

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են անհապաղ բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտեցնելու համար։

«Հուսով եմ՝ դա դեռ հնարավոր է, և մեր առաջարկը կընդունվի», - շաբաթ օրը ուշ երեկոյան գերմանական հեռուստատեսությանն ասել է արտգործնախարար Վադեֆուլը, հավելելով՝ «հիմնական նախապայմանն է, որ Իրանը որևէ վտանգ չներկայացնի ո՛չ տարածաշրջանի, ո՛չ Իսրայել պետության, ո՛չ էլ Եվրոպայի համար»։

11:06 15.6.2025

ԱՄՆ Նախագահը սպառնում է Իրանին. «եթե Ամերիկան որևէ կերպ հարձակման ենթարկվի, մեր զինված ուժերի ողջ ուժն ու հզորությունը կհասնեն ձեզ այնպես, որ մինչ օրս չեք տեսել»,- Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ պնդել է, թե նույնիսկ այս պահին Ամերիկան կարող է «հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»։

11:09 15.6.2025


Զոհեր ու վիրավորներ Իսրայելում՝ իրանական հարվածներից

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ Բաթ Յամում վեց մարդ զոհվել է, 180-ը՝ վիրավորվել, առնվազն 7 մարդ անհետ կորած է համարվում: Իշխանությունների տվյալներով՝ ևս չորս մարդ զոհվել է Իսրայելի հյուսիսում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG