Գիշերը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. - «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»:
Կարապետյանը, որ ժամեր առաջ եկեղեցուն աջակցող խոսք էր հղել, հայտարարեց. - «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»:
Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցնեը ժամեր շարունակ խուզարկում էին ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը:
Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: