Մատչելիության հղումներ

Խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. Էրդողան


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման նախօրեին հայտարարում է Թուրքիայի նախագահը։

Նիկոլ Փաշինյանի հետ վաղվա հանդիպումից առաջ Ռեջեփ Էրդողանը նախ հյուրընկալեց Ադրբեջանցի պաշտոնակցին կամ, ինչպես ինքն է ձևակերպել, իր եղբորը՝ Իլհամ Ալիևին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Ալիևի և Էրդողանի արդեն երկրորդ հանդիպումն է։

Եղբայրական պետությունների առաջնորդներն այսօր մասնակցեցին 2023 թվականի երկրաշարժից հետո թուրքական Կահրամանմարաշում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Այդ թվում ադրբեջանի պետական միջոցներով վերակառուցվող բնակավայրն Ալիևին դիմավորեց ամենուր ծածանվող ադրբեջանական եռագույններով և հոր՝ Հեյդար Ալիևի դիմանկարով հսկայական պաստառներով։

«Իմ թանկագին եղբոր հետ իմ մասնակցությունը Ադրբեջանական թողամասի բացմանը ևս մեկ անգամ վկայում է մեր միասնության և բարեկամության մասին», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հարկ համարեց շեշտել՝ Թուրքիան էլ իր հերթին էր ադրբեջանի կողքին 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի նախագահի և ժողովրդի կողմից ցուցաբերված քաղաքական և բարոյական աջակցությունը, համերաշխությունը բազմապատկեց մեր ուժը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև պնդել է՝ այսօր թուրք - ադրբեջանական եղբայրությունը կարևոր գործոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում. - «Մենք բարեկամներ ենք, եղբայրներ, դաշնակիցներ։ Թուրքիան և Ադրբեջանը, որպես երկու եղբայրական երկիր, ձեռք ձեռքի տված և հաջողությամբ առաջ են շարժվում, համագործակցելով քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ այլ ոլորտներում»։

Էրդողան - Ալիև այսօրվա հանդիպումը տեղի է ունենում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում Հայաստանին սահմանակից Նախիջևանում։

11-օրյա վարժանքների ընթացքում, ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրությունում, երկու երկրների զինված ուժերի «Տանկային և դիվերսիոն ստորաբաժանումները տարբեր ուսումնամարտական խնդիրներ կիրականացնեն հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ։ Եվս մեկ համատեղ զորավարժություն էլ նախատեսված է հունիսի 20-30-ը՝ «Մուստաֆա Քեմալ ATATURK-2025» խորագրի ներքո։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG