Մատչելիության հղումներ

Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ


Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Այն երկկողմանի փակ է:

Այս պահին նրանց լսելու համար հանդիպելու է եկել ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:

Անհետ կորածների հարազատները այսօր հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: Իրենց պահանջը փոխանցեցին նաև ոստիկանության պետի տեղակալին։

Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի:

Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու:

ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանը, փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը երեկ տեղում էին, սակայն փաստացի բանակցություններն արդյունք չեն տվել:

Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց»:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։


XS
SM
MD
LG