Մատչելիության հղումներ

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «կորցնելու» և «գտնելու» նոր փիլիսոփայություն առաջ քաշեց: «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը՝ սա է ճշմարտությունը, որին հասնելու համար ինքը շատ է մտածել:

«Ինչպես նախկինում ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներին էին ձևակերպում, որպես թոկ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ և ինքնիշխան պետություն, չկայանա, և Հայաստանի Հանրապետությունը կայանում է, Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես, մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ», - ասաց Փաշինյանը:

Մոտ 150 հազար տեղահանված արցախցի, շուրջ 4000 զոհ ու մոտ 200 անհետ կորած. այս պատկերն է միայն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Բայց կառավարության ղեկավարն Արցախի կորուստը «ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է համարում»:

Փաշինյանն ասաց՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հասկանալով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Վարչապետը նկատի ուներ Պրահայի հայտարարությունը, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ու փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում:

«Միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ», - ընդգծեց նա:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին անգամ չէ, որ փորձում է Արցախի պատմական կորուստը փաթեթավորել որպես ազգային ձեռքբերում»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին անգամ չէ, որ փորձում է Արցախի պատմական կորուստը փաթեթավորել որպես ազգային ձեռքբերում. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գնահատական է: Հիշեցրեց՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի հայերը բռնի տեղահանվեցին, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան հեռանալ իրենց պատմական հողից՝ փախչելով ադրբեջանական զինված ագրեսիայից, իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույնաբովանդակ պնդումներ էին անում, որոնց նպատակն էր այս աղետը ներկայացնել՝ որպես ինչ-որ «նոր հնարավորության»:

«Իմ կարծիքով՝ փորձ է Արցախի կորուստի, հայ ժողովրդի համար Արցախի ունեցած էդ մեծագույն արժեքի ոտնահարվում է և դրա մեղավորությունը այլոց վրա բարդելու քաղաքականություն։ Որպես արցախցի, ինչպիսի՞ պատասխան պետք է տամ դրան, ես ուղղակի երբևէ նման ստորագույն արտահայտություն որևէ հայից չէի կարող ակնկալել, և սա, չգիտեմ, իրապես տրամաբանությունից դուրս որևէ արտահայտությունը: Ինչպե՞ս կարող է մայր հայրենիքի ղեկավարը, որի ժողովուրդը 90-ականներից սկսած ամենաթանկն է տվել Արցախի պահպանման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, կանգնել ու ասել որ ոչ թե Լեռնային Ղարաբաղ ենք կորցրել, այլ Հայաստան ենք վերագտել», - ասաց Ստեփանյանը:

Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես բոլոր հայերին է վերաբերում, ասաց Ստեփանյանը՝ մատնացույց անելով՝ հայտարարությունից հետո բարձրացած քննադատության ալիքը: Գեղամ Ստեփանյանի համար պարզ է, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում անգործություն են ցուցաբերում, իսկ երբ այլոք են գործում՝ խոչընդոտում են:

«Երբ որ թե՛ Սփյուռքի կազմակերպությունները, թե՛ մեր արցախահայերի կողմից որոշակի քայլեր են ձեռնարկում թեկուզ միջազգային ատյաններում, որոշակի հարցը ավելի մեծ հնչեղություն կա, որոշակի ֆորմատներ ձևավորել, օրինակ՝ շվեյցարական ֆորմատը, որը այս օրերին էլ փորձ է կատարվում ինչ-որ ավելի ակտիվ ռելսերի գծերի վրա դնել, մենք տեսնում ենք, որ դրան Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ընդդիմանում է, այլ խոչընդոտներ է հարուցում», - նշեց նա։

Իշխանությունները ոչ միայն որևէ գործնական քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլև սկսել են դադարեցնել կամ կրճատել տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերը, նկատում է Գեղամ Ստեփանյանը: Հունիսից, օրինակ, չի գործում 40+10 հազարական դրամների ծրագիրը, որն այս ամսվանից նախատեսված է միայն սահմանափակ թվով տեղահանվածների համար: Իսկ բնակապահովման ծրագիրը փաստացի շատ քիչ շահառուներ ունեցավ:

«Սա նաև ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության վերաբերմունքը ոչ միայն արցախցիների հավաքական իրավունքների, այլև կոնկրետ անհատական իրավունքներին։ Ցույց է տալիս, թե ինչպես են ընդունում, ինչպես են տեղավորում կամ ինչպես են պատրաստում տեր կանգնել տուն ու տեղ կորցրած արցախցուն», - ասաց Ստեփանյանը:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանն այսօր իր ելույթում նաև միջազգային խնդիրներին անդրադարձավ: Չնայած տարածաշրջանի անկայուն իրավիճակին ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու շարունակական նախապայմաններին, «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջին՝ հայտարարեց՝ Հայաստանը երբեք տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG