Գործարար Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, դատարանը բավարարել է միջնորդությունը: Այս մասին քիչ առաջ դատարանի դիմաց լրագրողներին հայտարարեցին Կարապետյանի փաստաբանները՝ հավելելով, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ կալանքի հիմնավորումներին:
Նրանք նաև ասացին, որ բողոքարկելու են այս որոշումը:
«Որոշումն ակնհայտ ապօրինի է: Բնականաբար, պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նշված խափանման միջոցի որոշումը և ակնկալում ենք, որ մոտ ապագայում կունենանք արդարացի որոշում», - պնդեց փաստաբաններից Լիանա Գասպարյանը:
Դատական նիստը շարունակվում էր մի քանի ժամ:
Սամվել Կարապետյանը, որ մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ, ուղերձ էր հղել իր աջակիցներին, որոնք հավաքված են դատարանի առջև: Նա իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը՝ ապօրինի:
Մեծ թվով ոստիկաններ այս ամբողջ ընթացքում շրջափակել էին դատարանի շենքը:
Նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից ու ասել՝ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է:
«Ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», - ասել էր նա:
Այս հայտարարությունն են ՀՀ իրավապահները համարում իշխանություն զավթելու կոչ:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը, ապա մեղադրանք ներկայացվեց: Վարչապետ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել Կարապետյանին, այսօր արդեն խոսել ռուսաստանաբնակ գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին: Իշխանական պատգամավորներն ու նախարարներն օրվա ընթացքում տեղեկություններ էին տարածում, թե ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար բերում են դատարանի մոտ՝ այս հավաքը բազմամարդ դարձնելու համար:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ սպառնաց, թե նրանցով կզբաղվեն իրավապահները:
Դատարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: Նրանք պարբերաբար վանկարկում էին «Սամվե՛լ, ազատություն, արդարություն»: