Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստներից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։

ՊԵԿ-ը հայտնում է, որ հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից, ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ հայտնել էր, որ վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը:

Վրաստանն արգելում էր այդ երկրի տարածքով հայկական կոնյակ արտահանող բեռնատարներին հատել սահմանը՝ փորձաքննություններ անցկացնելու պատճառաբանությամբ: Կոնյակի արտադրողները բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանում Թբիլիսիի դեսպանատան առաջ:

Վրացական կողմն, ըստ Պապոյանի, ասում է, թե իրենք կասկած ունեն, որ արտահանվող կոնյակների մի մասը կոնյակ չէ, պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել:

Նախարարը պնդել էր՝ այդպիսի փորձաքննության իրավունք տարանցիկ երկիրը չունի, դա կարող է իրականացնել միայն ապրանքը ստացող երկիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պռոշյանի կոնյակի գործարանի» բեռնատարները չեն կարողացել ՀՀ-ից դուրս գալ, մաքսայինն արգելել է. ընկերության ներկայացուցիչ