ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպել է 2 շաբաթ առաջ կառավարությունում, և ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ծնողները տալիս են 5 հարց, ինքն էլ խոստանում է դրանցող զբաղվել և երկու ամիս անց տեղեկացնել կատարված աշխատանքի մասին:
Վարչապետը նշեց, որ այդ 5 հարցերի հետ կապված արդեն տվել է հանձնարարականներ:
Արմեն Աբազյանն այսօր ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Փաշինյանը շեշտեց՝ անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ այն, ինչ որ պայմանավորվել են, ուժի մեջ է. «Ինչ վերաբերում է (Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով) հանձնաժողովներին, ապա դրանց աշխատանքը նույնպես չի կարող խաթարվել»:
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավեիտսյանը տեղեկացրեց, որ այս պահին անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել են խորհրդարանի Բաղրամյան փողոցի ընդունարանում, պահանջում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից