«Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ վարչապետի հայտարարության ֆոնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ընկերությանը: ՀԾԿՀ-ից փոխանցում են ՀԷՑ-ին տուգանել են արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
Ըստ հանձնաժողովի հաղորդագրության՝ 2025 թվականի փետրվարի 3-14-ը կարճաժամկետ մոնիթորինգ է արվել ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղների տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։
Ընկերությունը, ըստ ՀԾԿՀ-ի, ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։
ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին:
Նախօրեին Կարապետյանի՝ եկեղեցու վերաբերյալ աջակցություն հայտնող հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը: Ներկայումս նա Քննչական կոմիտեում է, նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային հայտարարությունների համար:
Վարչապետ Փաշինյանը, որ սոցիալական ցանցում կոշտ էր արձագանքել Կարապետյանին, այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր. «Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։
ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել». վարչապետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, կալանքի միջնորդություն կա