Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին. ԱՊԱ

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը։

Նշվում է, որ «կայացել են անհատական հանդիպումներ», «ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար», ինչպես նաև «փոխանցվել են ընտանիքներից ուղարկված ծանրոցներ»։

Թե կոնկրետ ում հետ են հանդիպել ԿԽՄԿ-ի աշխատակիցները, չի հաղորդվում:

Բաքվում, պաշտոնական տվյալներով, այժմ 23 հայ է պահվում, ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը, մյուսների մեղադրական վճիռներն արդեն կայացված են:

Բաքվի ռազմական դատարանում 16 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ է ընթանում: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը մտադիր է փակել միջազգային Կարմիր խաչի գրասենյակը, որը միակ կառույցն է, որ այցելում է Ադրբեջանում պահվող հայերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»