Միացյալ Նահանգներն անդառնալի վնաս կկրի, եթե ուղիղ մասնակցի Իրանի վրա Իսրայելի հարձակումներին, Իսրայելի և Իրանի միջև ընթացող պատերազմի վեցերորդ օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը: Այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ պատմությունն իմացող մարդիկ Իրանի հետ երբեք չեն խոսում սպառնալիքներով, քանզի գիտեն՝ իրանցիները չեն հանձնվում, հայտարարել է նա՝ պատասխանելով ԱՄՆ նախագահին:
«Նրանք, ովքեր ծանոթ են այս տարածաշրջանի քաղաքականությանը, գիտեն, որ Ամերիկայի միջամտությունն այս հարցում 100 տոկոսով ի վնաս իրենց կլինի ... Վնասը, որն Ամերիկան կկրի, եթե ռազմական միջամտություն կատարի, անկասկած, անդառնալի կլինի», - ասել է Խամենեին:
Նա նաև պնդել է, որ Իսրայելը մեծ սխալ է գործել հարձակվելով Իրանի վրա և դրա համար կպատժվի: Իրանը չի ընդունի պարտադրված խաղաղություն կամ պատերազմ, վստահեցրել է Խամենեին։
Երեկ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե գիտեն՝ կոնկրետ որտեղ է թաքնվում Ալի Խամենեին, սակայն նրան չեն սպանի՝ առայժմ: «Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», - շարունակել էր ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը մեկ այլ գրառմամբ էլ նշել էր, որ Իրանը պետք է հանձնվի առանց պայմանների:
Այսօր էլ Թրամփը հայտարարել է, որ չի կարող ասել՝ ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին, թե՞ ոչ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե Իրանն այլևս չունի հակաօդային պաշտպանություն, հետևաբար ցանկանում է բանակցել, ու երբեք ուշ չէ դրա համար։ ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ հաջորդ շաբաթ ավելի ուժեղ հարձակում կլինի Իրանի վրա:
Այս ընթացքում Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածել միմյանց: Իսրայելական բանակը հայտնել է, որ գիշերը 20 թիրախի է հարվածել, այդ թվում՝ ուրանի ցենտրիֆուգների արտադրամասի և ռազմական օբյեկտների: Հարվածել են նաև Թեհրանում և Խոջիրում գտնվող հրթիռների արտադրության օբյեկտների, նաև՝ Իմամ Հոսեյնի համալսարանին, որը ենթադրաբար կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Օրվա ընթացքում նաև հարվածել են Թեհրանի արևելյան շրջանին:
Իսրայելական բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է, որ իրենց առաքելությունը հստակ է՝ վերացնել բոլոր սպառնալիքները:
«Մենք թիրախավորում ենք ռազմական թիրախները, նրանք հարձակվում են քաղաքացիների վրա։ Իսրայելի Պաշտպանության բանակը կշարունակի ճշգրիտ հարվածներ հասցնել, գործել ուժով և վճռականությամբ՝ Իսրայելի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Դեֆրինը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ Իսրայելի հարվածներից Իրանում ևս երկու միջուկային օբյեկտ է տուժել: Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը վստահեցրել է, որ միջուկային օբյեկտների վիճակը «լավ» է: Թեհրանը հաստատել է, որ իրանական երկու բանկ կիբեռհարձակման է ենթարկվել:
Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելի մի քանի քաղաքների: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թել Ավիվի ուղղությամբ առաջին անգամ արձակել են «Ֆաթահ-1» միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռներ: Իրանը պնդում է, որ դրանք ճեղքել են Իսրայելի պաշտպանությունը՝ ապահովելով երկրի օդային տարածքի նկատմամբ «լիակատար գերիշխանություն»:
Մինչ այդ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին Իսրայելին զգուշացրել էր պատժիչ գործողությունների մասին: Նա հայտնել էր, որ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին կոչ են արել տարհանվել:
«Մինչ այժմ իրականացված գործողությունները պարզապես նախազգուշացումներ են եղել՝ զսպման նպատակով, և շուտով կիրականացվի պատժիչ գործողություն», - հայտարարել էր Մուսավին:
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե վերացնում են որոշակի սահմանափակումներ, և այն շրջաններում, որտեղ անվտանգությունը թույլ է տալիս, կյանքն աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն: Իսրայել Կացը պնդել է, թե սա Իրանի նկատմամբ «հաղթանակի» մասին ազդակ է, հավելել, որ կշարունակեն հարվածել Իրանին այնքան, քանի դեռ չեն վերացրել սպառնալիքը:
«Նրանք գալիս են մեզ վնասելու և ամեն ինչ փակելու, մինչդեռ մենք և՛ պատասխան հարվածներ ենք հասցնում, և՛ պաշտպանում ենք քաղաքացիական բնակչությանը, և՛ սկսում ենք տնտեսության ու տարբեր ոլորտների աստիճանական վերաբացումը», - ասել է Կացը:
Այսօր Թել Ավիվ է ժամանել առաջին ինքնաթիռը, որով երկիր են վերադարձել պատերազմի պատճառով արտերկրում արգելափակված քաղաքացիներ:
Ռուսաստանն այսօր կրկին իր միջնորդական ջանքերն է առաջարկել պատերազմը դադարեցնելու համար:
Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանվելու Իսրայելի «ահաբեկչական գործողություններից»:
Ֆրանսիայի նախագահն էլ հույս է հայտնել, որ Թրամփը, խոսելով Իրանում իշխանափոխության ու պատերազմին Միացյալ Նահանգների մասնակցության մասին, ցանկանում է պարզապես ճնշում բանեցնել Իրանի վրա: Ըստ Էմանյուել Մակրոնի՝ Իրանում ռազմական ճանապարհով իշխանության փոփոխությունը մեծագույն սխալ կլինի:
«Մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք կամ բալիստիկ հնարավորություններ ունենա: Կարծում եմ՝ այսօր ամենամեծ սխալը կլինի, եթե փորձ արվի ռազմական ճանապարհով Իրանում փոխել ռեժիմը, քանի որ դա կհանգեցնի քաոսի», - ընդգծել է Մակրոնը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ պետք է հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը՝ լուծելու Իրանի միջուկային և բալիստիկ հարցերը:
Այս ֆոնին, ամերիկյան Կոնգրեսը քննարկում է օրինագիծ, որը կսահմանափակի Իրանի հետ ուղիղ պատերազմի մեջ մտնելու՝ Թրամփի լիազորությունները։ Սենատում օրինագծի քննարկմանը Վիրջինիա նահանգի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը պատերազմի Իրանի դեմ, դա աղետալի սխալ կլինի ԱՄՆ-ի համար և կհանգեցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա լայնածավալ հարձակումների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող