Սննդի անվտանգության տեսչությունը երեկ է բացահայտել, որ «Տաշիր պիցցա»-ի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղի առաստաղը խնդիր ունի: Կառուցվածքը սխալ է, չի կանխում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումն ու մասնիկների թափվելու հնարավորությունը: Հատակի ու պատերի որոշ հատվածներ հարթ չեն: Պատերը պատրաստված չեն չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից: Երևանի կենտրոնում երկար տարիներ գործող ու մարդաշատ կետի խախտումները տեսչությունն օպերատիվ արձանագրել է ու կողպել դռները:
Վերջին երկու օրվա ընթացքում, երբ իրավապահները խուզարկում էին «Տաշիր գրուպի» սեփականատիրոջ տունը, նրան ձերբակալում ու կալանավորում, «Տաշիր պիցցա»-ի ութ մասնաճյուղ փակվեց: Տեսչության ստուգումները, որ ըստ մամուլի խոսնակի, սկսվել էին վաղուց, վերջին օրերին լայն թափով են ընթացել: Տեսուչները նորմերի անհամապատասխանություններ են արձանագրել:
Սննդի տեսչության մամուլի խոսնակն ասաց՝ 36 մասնաճյուղից 13-ում արդեն ստուգումներն ավարտվել են ու միայն երեք կետում խնդիր չի եղել: Ըստ հաղորդագրությունների, գրեթե ամենուր նույն պատկերն է՝ տեխնիկական խնդիրներ: Մյուս մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են: Ըստ Անուշ Հարությունյանի՝ տեսչական մարմինը ստուգումները սկսել է ընկերության խնդրանքով: Շաբաթներ առաջ են դիմել:
«Իրենք են խնդրել իրենց մոտ ստուգումներ իրականացնել, իրենց ասվել է՝ թեև ձեր դիմումի վրա է, չի նշանակում, որ ուղղակի գալու ենք գնանք, լիարժեք ստուգումներ են լինելու ու ամենայն խորությամբ նայելու ենք, եթե պետք լինի կասեցնելու ենք: Իրենք ասել են՝ որևէ խնդիր չկա, մեքն էլ ուզում ենք, որ տեսնենք, թե ինչ խախտումներ կան», - ասաց Հարությունյանը:
Եթե շաբաթներ առաջ են դիմել, ինչո՞վ են բացատրում տեսուչների վերջին օրերի օպերատիվությունը: «Տաշիր պիցցա» ընկերության մարքեթինգի տնօրեն Արտակ Մաթևոսյանը չցանկացավ այս հարցին պատասխանել: Նշեց, որ մինչև հայտնի իրադարձությունները, տեսչական մարմինն ընդամենը երկու մասնաճյուղում հայտնաբերված խնդիրների մասին էր հայտնել: Երկու տեսակի «կեսար» և «մայրաքաղաքային» աղցաններում մանրեներ էին հայտնաբերել: Մինչև Կարապետյանի ձերբակալությունը Էրեբունու այս մասնաճյուղի դռները չէին կողպել, ժամանակավորապես արգելել էին միայն աղցանների արտադրանքը:
Ընկերությունն ամեն տարի էլ դիմում է ստուգումների համար, նորություն չէ, շեշտեց տեսչության խոսնակը: Իսկ այս ծավալով խախտումներ նախկինում հայտնաբերվե՞լ են, եղե՞լ է, որ տասնյակ մասնաճյուղերի դռներ կողպեն տեսուչները:
«Այս մասշտաբի չի եղել, բայց պետք է հասկանալ, որ կազմակերպությունն ինքն էլ երկար ժամանակվա պատմություն ունի, գնալով հնանում է ու, բնականաբար, խնդիրներ առաջանում են», - նշեց Անուշ Հարությունյանը:
Եթե ամեն տարի ստուգումներ են լինում, ինչպես է ստացվել, որ տեսուչների աչքից վրիպել են հայտնաբերված տեխնիկական խնդիրները՝ անհարթ պատերն ու հատակը: Տեսուչների այս բծախնդրությունը արտառոց է, թե նախկինում էլ է այդպես եղել: Ընկերության մարքեթինգի բաժնի տնօրենը հաստատեց՝ իրենց խնդրանքով են ստուգումներ անցկացվել, բայց որ տասնյակ կետեր փակեն, նախկինում նման բան չի եղել:
Տաշիր համայնքում էլ ընկերության կաթնամթերքի արտադրամասի աշխատանքն են երեկ կասեցրել դարձյալ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով: Սննդի անվտանգության տեսչության լրատվականից վստահեցնում են՝ ստուգումները կապ չունեն վերջին օրերի զարգացումների հետ: Ապաքաղաքական են:
Միլիարդատեր գործարարը Վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ից, երբ պաշտպանեց հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից. - «Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Վարչապետ Փաշինյանն այս մեկնաբանությանն արձագանքեց սպառնալից ու կրկին վիրավորանքներով:
Հայաստանի ղեկավարի գրառումից ժամեր անց ոստիկանները շրջապատեցին գործարարի առանձնատունը, ձերբակալեցին ու մեկ օր անց էլ կալանավորեցին: Նիկոլ Փաշինյանը մտադրվել է ռուսաստանաբնակ գործարարի ձեռքից վերցնել Հայ էկեկտրական ցանցերն ու պետականացնել: Սպառնում է այդ ուղղությամբ քայլեր սկսել: