Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները նախատեսում են ուրբաթ օրը Ժնևում միջուկային բանակցություններ անցկացնել Իրանի արտգործնախարարի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գերմանացի դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրի համաձայն՝ նախարարները նախ կհանդիպեն Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ՝ Ժնևում Գերմանիայի հյուպատոսարանում, այնուհետև կանցկացնեն համատեղ հանդիպում Աբբաս Արաղչիի հետ։
Նախաձեռնությունը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ, հավելել է նույն աղբյուրը։
Սրա նպատակն է Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ՝ քաղաքացիական նպատակներով է օգտագործվելու:
Գերմանիայի կանցլերը երեքշաբթի հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը կարող է օրակարգում լինել, եթե Թեհրանը չնահանջի և չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։