Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է պետականացվի. Փաշինյան

«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները», - նշել է Փաշինյանը։

ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին:

Նախօերին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը: Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել առանձնատնից և հեռացել

Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: